ԱԺ-ում «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշումը ողջունելի է, սակայն հավատը քիչ է, որ հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կլինեն. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2008 թվականի «Մարտի 1»-ի զոհ Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը:
Տիկին Քլոյանը նշեց, որ ինքը խիստ կասկածում է, որ այս իշխանությունների, այս ԱԺ-ի օրոք որևէ հարց կբացահայտվի: Նրա համոզմամբ՝ դա անհնար է:
«Եթե իրոք թույլ կտան նման հանձնաժողով ստեղծել, թող լինի պարզ, մաքուր, ազնիվ: Թող այնպես աշխատեն, որ բացահայտվի, ինչպես որ կա՝ ճիշտ, մաքուր, արդար: Թող հայտնաբերվեն այդ գործի մասնակիցները, բոլոր մեղավորները:
«Մարտի մեկ»-ի պատասխանատուն տվյալ ժամանակի ղեկավարությունն էր, նախագահը, թող թող հրաման տվողը, կազմակերպողը, կատարողը, փախչողը պատասխան տան: Էլ ո՞րն ասեմ»,- ասաց Ազատուհի Քլոյանը՝ շարունակելով, որ բոլոր մեղավորներն իրար պոչի կպած` նստած են: Դա շքախումբ է, որը գործել է, մեկ հոգի չի եղել, որ արել-փախչել է, կազմակերպված գործ է եղել, որի համար առաջինը պատասխանատու է նախագահը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված` «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումը, ըստ տիկին Քլոյանի, շատ ողջունելի է, սակայն. «Ո՞ւր մնաց: Միայն օդում կրակած բառեր են` ուրիշ ոչինչ: Այդ խոսքերը Եվրոպայի աչքերը փակելու համար են: Դե, թող մի բան առաջ գնա: Այլևս չենք հավատում: Պարզապես փախչելու տեղ չկա՝ ո՞ւր փախչես, չգիտես` ղեկավարությունի՞ց, թե՞ մարդկությունից»,- ցավով ասաց Գոռ Քլոյանի մայրը:
Հիշեցնենք, որ ԱԺ իրավաբանական վարչությունը փորձաքննության էր ենթարկել և դրական եզրակացություն տվել ՀԱԿ առաջարկած նախագծին՝ ԱԺ-ում Մարտի 1-ի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ ՀԱԿ-ն էր ԱԺ-ում շրջանառության մեջ դրել «2008թ. Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Սակայն այն դեռևս չի ներառվել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:
Նախագծի վերաբերյալ իրավաբանական վարչության որոշման մեջ ասվում է, որ նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել, և այն «համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածին, որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չկան»:









































