Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը նոյեմբերի 13-15-ը Նյու Յորքում երկրպագուների առջև կկանգնի միանգամայն նոր մասնագիտությամբ՝ կահույքի դիզայների դերով: Նա և իր գործընկեր Ֆրանկո Պոլարոն կներկայացնեն «Փիթ-Պոլարո» անվամբ, 12 պարագայից (ննջարանային գարնիտուր, բազմոցներ, բազկաթոռներ, սեղաններ և աթոռներ) բաղկացած, Փիթի սեփական էսքիզներով պատրաստված կահույքի հավաքածուն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Architectural Digest պարբերականի էլեկտրոնային տարբերակում Փիթը հայտնել է, որ մատիտն իր ձեռքն է վերցրել դեռևս 90-ականներին:
«Ես թղթի վրա մարմնավորել եմ գաղափարներ, արել գծագրեր՝ ոգեշնչվելով Չարլզ Ռոնի Մակինթոշի և Ֆրենկ Լլոյդ Ռայթի աշխատանքներով: Ֆրանսերենի դասերից փախչելով՝ գրադարանում գտել եմ վարպետների աշխատանքներն ու ժամերով նկարել: Այն ընդմիշտ փոխել է իմ կյանքը »,- ասել է դերասանը:
Փիթի հարցազրույցի լիարժեք տարբերակը դեկտեմբերին կհայտնվի պարբերականի տպագիր համարում:
Պոլարոն մի անգամ եղել է Փիթի ու Անջելինա Ջոլիի տանը, որտեղ նրան ցուցադրել են դերասանի աշխատանքները: «Այդ ժամանակ ես հարցրեցի՝ ինչո՞ւ չփորձենք գաղափարները կյանքի կոչել,- հիշում է Պոլարոն,- Բրեդը համաձայնեց: Այդպես ծնվեց համատեղ նախագիծը»:
Բրեդի հեղինակային կահույքը ստեղծված է նուրբ գունային գամմայով՝ ոսկեգույն նրբերանգներով, փղոսկրի գույնով: Դիզայնում օգտագործված են թեթև կոնստրուկցիաներ և ապակի:









































