Բրիտանացի լեյբորիստ պատգամավոր և Եվրոպայի գործերով նախկին նախարար Դենիս Մակշեյնը զրկվել է մանդատից և Լեյբորիստական կուսակցության անդամակցությունից` հաշիվներ կեղծելու համար, որոնք նրան փոխանցվում էին բյուջեից, հաղորդում են Բրիտանական ԶԼՄ-ները:
Մակշեյնի խախտումների մասին զեկույցը հրապարակել է չափանիշների և արտոնությունների պալատի հանձնաժողովը: Սկանդալը սկզբում բռնկվել էր 2009 թվականի գարնանը, երբ պարզվել էր, որ տասնյակ պատգամավորներ գանձապետարանից գումարներ են դուրս հանել, որոնք սակայն կապ չունեն իրենց մասնագիտական գործունեության հետ:
Հանձնաժողովի վերջին տեղեկությունների համաձայն՝ նախկին նախարարը կեղծել է 19 հաշիվ: Ընդհանուր առմամբ այդ կերպ Մակշեյնը ստացել է 7.5 հազար ֆունտ ստեռլինգ, որոնք ծախսել է Եվրոպայում ճանապարհորդելու վրա՝ դրանք անվանելով «հետազոտական գործունեություն» և «փորձագետների հետ հանդիպում»:
Խորհրդարանական հանձնաժողովը հատկապես ապշած էր այն հանգամանքից, որ լեյբորիստը ստորագրել է արդեն գոյություն չունեցող կազմակերպությունների հաշիվները:
Խախտումների համար Մակշեյնը մեկ տարով զրկվել է մանդատից: Լեյբորիստական կուսակցությունը ևս դադարեցրել է նրա անդամակցությունը: Ավելի ուշ նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ կատարվածից հետո կուսակցության շրջանակներում պատգամավորի կարիերան «փաստորեն ավարտվել է»:
Սքոթլանդ Յարդն ավելի վաղ հետաքննել էր քաղաքական գործչի կողմից կատարած խախտումները, սակայն այս տարվա հուլիսին հայտարարել էր, որ հետագա գործողություններ նրա հանդեպ չեն կիրառվի: Ուրբաթ օրը պատգամավորները ոստիկանությունից պահանջել են վերսկսել հետաքննությունը:








































