Այսօր կառավարության շենքի առջև հերթական բողոքի ակցիան տեղի ունեցավ: Ինչպես ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, այսօր ևս կառավարության շենքի առջև էին հավաքվել բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողները: Բանակում մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, այսօր ևս ընդգծեց, որ իրենց որդիների սպանության հանգամանքները գաղտնի են պահվում, գործերը՝ կոծկվում:
Կառավարության շենքի առջև իրենց բողոքն էին հայտնում նաև հանրային գերակա շահ պատճառաբանությամբ իրենց սեփականությունը կորցրած բնակիչները: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ շարունակ խոստանում են իրենց խնդիրը վերջնականապես լուծել, սակայն ոչ մի տեղաշարժ չկա: Այսօր նրանք պահանջում են օրենքի կիրառում: