Լիբիայի Բանի Վալիդ քաղաքը երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի համախոհներից այսօր անցել է կառավարամետ ուժերի հսկողության տակ: Մի քանի օր տևած կատաղի մարտերից հետո Տրիպոլիից 80 կմ հարավ-արևելք գտնվող քաղաքը հայտնվել է բանակային ստորաբաժանումների և նախկին հեղափոխականների զինված խմբավորումների ձեռքում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Բանի Վալիդի կենտրոնական հրապարակում հավաքվել են, այսպես կոչված, «Միսրատայի ջոկատի» ապստամբները, որոնք տարբեր տրամաչափի զենքերից օդ կրակելով նշում են իրենց հաղթանակը:
Մուամար Քադաֆիի նախկին կողմնակիցների դեմ ռազմական գործողությունները չեն դադարում անցյալ շաբաթվա կեսից: Հարձակման առիթը Քադաֆիին սպանած երիտասարդի սպանությունն էր Բանի Վալիդի բնակիչների կողմից:









































