«Մանչեսթեր Յունայթեդ»-ի փոխնախագահ Էդվարդ Վուդվորդի տեղեկացմամբ` Գլեյզերները, ովքեր ակումբի սեփականատերերն են, չեն պատրաստվում այն վաճառել: Ամերիկացի գործարարները «Յունայթեդ»-ը ձեռք են բերել 2005 թվականին որոշակի գումարով, որի պարտքը հետագայում ամրագրվել է ակումբին: Այդ պահից ի վեր «կարմիր սատանաներ»-ի երկրպագուները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել Գլեյզերների վերաբերյալ:
Երբ օգոստոսին գործարարներն ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը վաճառեցին համաշխարհային ֆինանսական բորսայում, լուրեր հայտնվեցին այն մասին, որ նրանք պատրաստվում են ամբողջությամբ վաճառել թիմը: Սակայն Վուդվորդի հավաստիացմամբ` այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Մեր գործում նման հետաքրքրությունը միշտ էլ առկա է: Սա ֆենոմենալ ակումբ է, և Գլեյզերները չեն պատրաստվում բաժանվել թիմից: Հաճախ եմ զրուցում նրանց հետ. նրանց ոգևորությունը թերագնահատվում է երկրպագուների կողմից: Համոզված եմ, որ Գլեյզերներն առաջիկա տասնամյակում չեն վաճառի «Յունայթեդ»-ը»,- հայտարարել է Վուդվորդը:









































