Այսօր, ժամը 14:00-ին, Առևտրաարդյունաբերական պալատում պետք է կայանար հայ և շվեյցարացի գործարարների հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվեին համագործակցության հարցեր: Պաշտոնական այցով Հայաստան ժամանած շվեյցարացի գործարարների պատվիրակությունը գլխավորում է Շվեյցարիայի համատեղ պալատի նախագահ, Ժնևի կանտոնալ խորհրդարանի պատգամավոր Գի Մեթանը: Սակայն նախանշված ժամին հանդիպումը չկայացավ, քանի որ շվեյցարացիների պատվիրակությունը չժամանեց:
Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները լրատվամիջոցներին իրազեկեցին, որ պատվիրակության կազմում գտնվող շվեյցարահայ Հակոբ Ավագյանի պատճառով ինչ-որ թյուրըմբռնում է եղել, պատվիրակության անդամների ժամանակացույցը խախտվել է, և նրանք չեն կարող գալ հանդիպմանը:
«Առաջին լրատվական»-ը Հակոբ Ավագյանից փորձեց պարզել, թե ո՞րն էր պատվիրակության չներկայանալու պատճառը: Նա հարցը լսելուն պես` խոստացավ զանգահարել և պատասխանել: Սակայն պատասխան զանգ այդպես էլ չստացանք: Փոխարենը նրա հեռախոսազանգերին պատասխանող անձը խորհուրդ տվեց զանգահարել Հակոբ Ավագյանի ներկայացուցչին:
Ավագյանի ներկայացուցիչը չցանկացավ ներկայանալ և պատճառաբանեց, որ թյուրիմացությունը թարգմանական սխալի պատճառով է եղել: «Սխալ թարգմանության պատճառով ժամը 14:00-ին հանդիպումը նշանակել են ոչ թե Առևտրաարդյունաբերական պալատ, այլ արդյունաբերության նախարարություն: Մարդիկ ստիպված գնացել են այնտեղ: ԱԳՆ-ի՞ թարգմանությունն ա եղել, դեսպանատա՞ն թարգմանությունը, թե ինչ` չգիտենք, բայց անկոռեկտ թարգմանության արդյունքում է եղել: «Աբսալյուտնը» ոչ մի միտում չկա, մենք կապի մեջ ենք պալատի նախագահի հետ, հուսով ենք` հանդիպումը կկայանա»,- ասաց Հակոբ Ավագյանի ներկայացուցիչը:
Նշենք, որ Հայաստանում արդյունաբերության նախարարություն չկա. առևտրի և արդյունաբերության նախարարությունը վաղուց վերածվել է էկոնոմիկայի նախարարության: Թե ուր է գնացել շվեյցարացիների պատվիրակությունը` այդպես էլ անհայտ մնաց:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատնից փորձեցինք պարզել՝ արդյոք եղե՞լ է սխալ թարգմանություն: Ի պատասխան` խորհուրդ տվեցին հարցը գրավոր ուղղել իրենց, կպատասխանեն, երբ հարմար լինի:
Արտաքին գործերի նախարարությունից նույնպես մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գործուղման է մեկնել և չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ լրատվական ծառայության աշխատակիցներն էլ ասացին, որ միայն Բալայանը կարող է պատասխանել այդ հարցին:
Հիշեցնենք, որ շվեյցարացիների այցը նախատեսված է Շվեյցարիայի Առևտրի համատեղ պալատի գործընկեր երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Ղազախստան, Ղրղըզստան) շարքում Հայաստանը ներգրավելու նպատակով:









































