Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղորդել է, որ ժամանակին միջնորդ է եղել ԱՄՆ-ի և Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի միջև: Հայտարարությունը հնչել է բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցում:
Լուկաշենկոն հայտարարել է, որ Իրաքի հակամարտության նախօրեին ԱՄՆ-ի դեսպանորդները խնդրել են իրեն հայտարարել այդ արաբական երկրում միջուկային զենքի առկայության մասին: Դրա փոխարեն Վաշինգտոնը խոստացել է չդիպչել Բելառուսի շահերին, ապահովել ներդրումների հոսքը և այլն: Լուկաշենկոյի խոսքերով` ինքը հրաժարվել է այդ գործարքից, քանի որ հաստատ իմացել է, որ Իրաքը միջուկային զենք չունի:
Բելառուսի նախագահը նաև հաղորդել է, որ փորձել է կանխել պատերազմը Իրաքում: Նա իբր թե խոսել է Հուսեյնի հետ և ամերիկացիներին փոխանցել, որ պատրաստ է պայմանավորվել նրանց հետ իրաքյան նավթի օգտագործման հարցի շուրջ, միայն թե ԱՄՆ-ն չքանդի իր երկիրը:
«Նրանք պատասխանեցին, որ հավատում են ինձ, բայց ռազմական մեքենան արդեն չեն կարող կանգնեցնել: Ես երդվում եմ, որ այդ խոսակցությունը իրականում տեղի է ունեցել»,- հաղորդում է The Independent-ը:









































