«Ծիծաղելի մի բան է ստացվում` նախագահը Դոն Կիխոտի դերում: Իր համար էլ անակնկալ հանկարծ արթնացել ու պատահաբար իմացել է, որ երկրում կոռուպցիա է, սրտնեղած ու մենակ դուրս է եկել դրա դեմ անհավասար պաքարի ու պահանջում է բռնել գլխից…»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ նախագահ Uերժ Սարգսյանի սկսած պայքարին` ասաց «Իրավունքի և ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը:
– Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեղադրանք առաջադրելու ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու աղմկոտ հարցը դեռ շարունակվում է: Ձեր տպավորությամբ` ի՞նչ է սա` քրեական մեծ բացահայտո՞ւմ, քաղաքական երկարատև խա՞ղ, թե՞ երկուսը միասին:
– Վարդան Օսկանյանի գործը քրեական բացահայտման հետ կամ բացարձակապես առնչություն չունի, կամ քիչ առնչություն ունի: Այն հիմնականում կապված է նրա ծավալած քաղաքական գործունեության հետ և ունի հստակ երևացող քաղաքական ենթատեքստ: Այս գործը իշխանական միջանցքներում նախաձեռնվել է այն բանից հետո, երբ Օսկանյանը սկսեց հանդես գալ իշխանություններին քննադատող քաղաքական հայտարարություններով: Նպատակն էր` ստիպել Օսկանյանին այլևս քննադատող քաղաքական հայտարարություններ չանել, և պակաս կարևոր չէ, իսկ գուցե ավելի կարևոր է` պատժել Օսկանյան` նախկին հավատարիմ թիմակցին, ով հանդգնել է դուրս գալ թիմի դեմ: Սա հատուկ պետք է նշել, նրանք վրեժխնդիր են լինում Օսկանյանից այն բանի համար, որ ժամանակին լինելով իրենց թիմակիցը` հանկարծ հանդգնում է հայտարարություններ անել իրենց դեմ: Փողոցային այս մտածողությունը տեղավորվում է հայաստանյան իշխանությունների արժեհամակարգում: Անկախ դրանից, թե ով ինչպես է վերաբերվում Օսկանյանի նախարար եղած շրջանին, հատկապես 2008թ. մարտի մեկին և դրանից հետո ծավալած գործունեությանն ու արած հայտարարություններին, անաչառ հայացքը չի կարող չտեսնել նրա հետապնդման պարզ երևացող քաղաքական շարժառիթները: Ես մարդկանց խորհուրդներ տալ չեմ սիրում, բայց կարծում եմ` լավ կլիներ, որ Օսկանյանն այսօր անդրադառնար մարտի մեկին: Նրանից չեմ ակնկալում մեծ քննադատական կամ համապարփակ դատապարտող խոսք: Կարող էր խոսել միայն իր մասով: Միայն սեփական քայլերի ու հայտարարությունների գնահատականը տար. մոլորվա՞ծ է եղել, ստիպվա՞ծ է եղել, անտեղյա՞կ է եղել, գուցե սխալվե՞լ է: Կարծում եմ` այս քայլը նրան միայն օգուտ կբերեր:
– Օսկանյանի գործին զուգահեռ` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է` Արտակ Շաբոյանի գւխավորաթյամբ, կոռուպցիոն բացահայտումներ անում: Եվ սա այն Արտակ Շաբոյանն է, որը պաշտոնը ստանձնելուն պես չեղյալ հայտարարեց դեղ ներկրողներին պատժելու վերաբերյալ իր նախորդի որոշումը: Շաբոյանի վերջին հերոսացումները ո՞նց հասկանանք:
– Այսօր Հայաստանում ծավալված կոռուպցիոն բացահայտումներին կոչ կանեի լուրջ չվերաբերվել: Նման բան չկա: Ներկայացում է ընդամենը: Ձերբակալում են կամ դեռ կձերբակալեն մի երկու ամենաքիչ պաշտպանվածի ու կհայտարարեն, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է` մինչև նախագահական ընտրությունները ավարտվեն: Հետո նորից մի քանի տարով կանաչ լույս կվառեն պետության հաշվին յուրայինների անհագուրդ հարստացման ճանապարհին: Եթե, իհարկե, իրենց ծրագիրն իրականանա, և Սերժ Սարգսյանը վերընտրվի: Կոռուպցիան Հայաստանում վերից վար է: Այն ամենուր է, մեր կենցաղի անքակտելի մաս է կազմում և տարատեսակ շաբոյաններն այստեղ դեր չունեն:









































