Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ երեկոյան ժամանել է Քուվեյթ, ուր այսօր առավոտյան մասնակցել է Ասիայի համագործակցության երկխոսության (ACD) առաջին գագաթնաժողովին: Դրա շրջանակներում Ահմադինեժադը հանդիպել է արաբական աշխարհի ընտրանու հետ:
Գագաթնաժողովին մասնակցում են իսլամական պետությունների ղեկավարներ, մուսուլմանական երկրները ներկայացնող հայտնի աստվածաբաններ, քաղաքական, տնտեսական, իրավական փորձագետներ: Գագաթնաժողովի շրջանակներում Ահմադինեժադը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ներկայիս իրավիճակն ու հետագա հեռանկարները: Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել ենթակառույցների նախագծերի համատեղ իրագործմանը, որոնք առնչվում են էներգետիկայի, տրանսպորտի և հաղորդակցության, ինչպես նաև արդյունաբերության, գյուղատնտեսության և գիտա-մշակութային ոլորտներին:








































