ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հայտարարել է, որ նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններում ԱՄՆ հայկական համայնքը չի սատարելու ո՛չ գործող նախագահ Բարաք Օբամայի, ո՛չ էլ Միթ Ռոմնիի թեկնածությունը: Հայ դատի հայտարարության վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ:
– Պարոն Սասունյան, ինչո՞ւ է Հայ դատի հանձնախումբը նման հայտարարություն տարածել:
– Դեռ ամիսներ առաջ էինք մենք այդ մասին ասում: Պատճառն այն է, որ թեկնածուներից Օբաման մեզ խոստում է տվել և չի հարգում իր խոստումը: Եթե մեկը խոստումը չի հարգում, մենք էլ իրեն չենք հարգում: Մյուս թեկնածուն՝ Ռոմնին, ո՛չ խոստում է տվել, ո՛չ էլ ուզում է տալ ու մեզ հետ հանդիպել: Եթե ինքը մեզ կարևորություն չի տալիս, մենք իրեն մեր քվեն չենք տա: Ուրեմն` երկուսին էլ չենք կարող քվե տալ:
– Այսինքն՝ ստացվում է, որ ԱՄՆ հայկական համայնքը բոյկոտո՞ւմ է ընտրությունները:
– Նոյեմբերի 6-ին մի քանի տեսակի ընտրություններ են անցկացվելու: Մենք մասնակցում ենք մյուս ընտրություններին՝ սենատորների, կոնգրեսմենների, բայց նախագահի ընտրությանը՝ ոչ: Այո՛, բոյկոտում ենք, որովհետև այլ ելք չունենք: Եթե իրենք մեզ հետ մտերիմ լինեին, մի բան անեին մեզ համար, մենք էլ իրենց կընտրեինք: Չենք կարող մենք իրենց քվե տալ, իսկ իրենք մեզ անտեսեն, ոչինչ չանեն մեզ համար:
– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ նախքան ընտրությունները թեկնածուները հանդիպեն հայ համայնքի հետ: Այդ դեպքում ինչ-որ բան կարո՞ղ է փոխվել ձեր որոշման մեջ:
– Եթե ընտրությունները մոտենան, թեկնածուներից մեկն առավելություն ձեռք բերելու համար կարող է մեզ մոտենալ և ինչ-որ խոստումներ տալ: Եթե իրենք մոտենան և ուզեն մեզ հետ հանդիպել, չենք ասի՝ չենք ուզում հանդիպել ձեզ հետ: Քանի որ իրենք անհույս վիճակի մեջ են և ուզում են նախագահ ընտրվել, ամեն քայլի կդիմեն և ամեն տեսակի խոստումներ կտան: Մենք պետք է շատ զգույշ լինենք, թե ինչ խոստումներ են դրանք: Օրինակ՝ եթե Օբաման մեզ հետ հանդիպի և խոստում տա, թե՝ ես «ցեղասպանություն» պիտի ասեմ, մեր պատասխանը հետևյալը պետք է լինի իրեն՝ այսօր նախագահ ես արդեն , եթե այդքան լուրջ է քո խոստումը, խնդրեմ, այսօր կամ վաղն առավոտյան հայտարարի «ցեղասպանություն» բառը, որ մենք հավատանք: Ինքն արդեն նախագահ է, թեկնածու չէ միայն, ուրեմն այսօր կարող է ասել: Հակառակ դեպքում մենք նրան չենք հավատա, մեկ անգամ հավատացինք և լրիվ խայտառակվեցինք ամբողջ հայության առաջ: Երկրորդ անգամ նույն փոսը չպետք է ընկնենք:
– Իսկ չե՞ք կարծում, որ Հայ դատի հանձնախմբի այս որոշումը կարող է վնասել Հայաստանին:
– Ինչո՞ւ Հայաստանին պետք է վնասի, սա Հայաստանի հետ կապ չունի: Ամերիկայի Հայ դատի դիրքորոշումն է սա, ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Ճիշտ հակառակը, եթե քվե տանք, դա ավելի կվնասի հայությանը: Եթե մեկը մեզ խաբի, և մենք այդ ստին հավատանք, ինչպես հավատացինք 4 տարի առաջ, ուրեմն` մեզ է ամոթ: Առաջին անգամ ստախոսին է ամոթ, երկրորդ անգամ՝ մեզ, եթե հավատանք նույն ստին: Պետք չէ, որ այդքան հիմարանանք:
– Պարոն Սասունյան, բացի Ցեղասպանության հարցից, Հայաստանն այսօր այլ խնդիրներ էլ ունի: Ունենք ղարաբաղյան հիմնախնդիր, ԱՄՆ-ն Հայաստանին տարեկան օժանդակություն է ցուցաբերում, համագործակցություն կա տարբեր ոլորտներում: Չե՞ք կարծում, որ այս քայլով ինչ որ իմաստով բարդացնում ենք երկու երկրների հարաբերությունները:
– Մեր հայ ժողովուրդն ընդհանրապես այս մոտեցումն ունի, մի քիչ վախ ունեն՝ արդյո՞ք Ամերիկային չենք նեղացնում: Ժամանակն է, որ մի քիչ խիզախ վարվենք: Ամերիկան թող մտահոգվի մեր մասին, ոչ թե` մենք իր մասին: Ամերիկան պետք է անի այն, ինչ իր շահն է: Եթե մենք Օբամային քվե տանք կամ չտանք, Ամերիկայի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվի: Ամերիկան ո՛չ կմտահոգվի Ղարաբաղի հարցով, ո՛չ Հայաստանին տրամադրվող օժանդակությամբ: Ամերիկան պետք է անի այն, ինչ իրեն է ձեռնտու: Այստեղ Ցեղասպանության մասին չէ խնդիրը, շատ ավելի լուրջ հարցեր կան: Մեզ պետք չէ, որ Օբաման «ցեղասպանություն» ասի: «Ցեղասպանություն» արդեն ասել է նախկին նախագահներից մեկը՝ 81 թվականին: Ոչ մի բան մեզ չի բերի «ցեղասպանություն» բառը: Դրա համար չէ, որ մենք ամեն ինչ կործանում ենք: Այստեղ հացը սա է՝ մի մարդ, ով իր խոստումը չի հարգում գոնե մեկ հարցում, այդ մարդուն չես կարող վստահել, նա կլինի անվստահելի քաղաքական դեմք: Իսկ Օբաման իր խոստումը չի հարգել ոչ միան Ցեղասպանության հարցում, այլ նաև Հայաստանին որպես օժանդակություն հատկացվող գումարները չի ավելացրել, ինչպես խոստացել էր, այլ կրճատել է: Արցախին պետք է ավելի օգտակար լիներ, չի արել դա, կրակում են սահմաններում, սպանում մեր զինվորներին, ոչ մի դատապարտող հայտարարություն չի արել: Ինքը խոստացել էր, որ Հայաստանի հետ ԱՄՆ-ն առևտրատնտեսական կապերն ամրապնդող համաձայնագրեր պետք է ստորագրեր, չի արել: Այսինքն՝ տասնյակ հարցեր կան, միայն Ցեղասպանության համար չէ, որ մենք ամեն ինչ ոտնատակ ենք տալիս, Ամերիկային նեղացնում ենք: Ամերիկան ինքը մեզ նեղացնում է՝ մեզ զրոյի տեղ դնելով: Մենք չենք կարող այսպես ստրուկ լինել աշխարհում, քանի որ մեր առաջ Ամերիկան է, Ռուսաստանն է կամ Չինաստանը: Մենք էլ արժանապատվություն ունենք: Իրենք անում են այնպես, ինչպես իրենց շահն է թելադրում, մենք էլ պիտի անենք այն, ինչ մեզ է ձեռնտու:










































