Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը բարձր է գնահատել թիմի գործողություններն աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Իռլանդիայի ընտրանու հետ խաղում: Այդ մասին են տեղեկացնում գերմանական լրատվամիջոցները:
Գերմանացիները 6 անգամ գրավել են մրցակցի դարպասը և միայն 1 գնդակ ընդունել սեփական դարպաս:
«Մենք գերազանց խաղ ցուցադրեցինք: Մեր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ հիանալի կատարեց իր պարտականությունները: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ հակառակորդի հեռահար փոխանցումներն ու հարվածները բարդություններ էին ստեղծում պաշտպանների համար:
Ցանկանում եմ նշել, որ ազգային թիմը լավ ժամանակներ է ապրում: Գերմանիայի ընտրանին ճիշտ ուղի է ընտրել»,- նշել է Շվայնշտայգերը:





































