Չինաստանի իշխանությունները հույս ունեն, որ 2012 թվականին գրականության ոլորտում Մո Յանի ստացած Նոբելյան մրցանակը կծառայի աշխարհում չինական մշակույթի ժողովրդականացմանը: Այս մասին հայտնել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը:
«Չին ազգը մշակույթի երկար և հարուստ պատմություն ունի, դա համաշխարհային ժառանգություն է, հուսով ենք, որ աշխարհի ժողովուդներն այն ավելի լավ կհասկանան»,-ասել է դիվանագետը՝ չինացի հեղինակի պարգևատրման առնչությամբ կայացած բրիֆինգում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Չինաստանի ներկա ռեակցիան զգալիորեն տարբերվում երկու տարի առաջ խաղաղության համար չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյին մրցանակ շնորհելու վերաբերյալ արձագանքից, դիվանագետը պատասխանել է, որ Նոբելյանական կոմիտեի այն որոշումը լուրջ միջամտություն էր երկրի ներքին գործերին:









































