Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գործող կառավարության ու խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ տեղական ժամանակով ժամը 13.00-ին, Թբիլիսիի Պետգրասենյակում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են իշխանության փոխանցմանն առնչվող հարցեր: Հանդիպման ժամանակ «Վրացական երազանքը» ներկայացնելու են Իրակլի Ալասանիան, Դավիթ Ուսուպաշվիլին ու Իրակլի Գարիբաշվիլին, իսկ կառավարությունը ներկայացնելու են Դավիթ Բաքրաձեն, Գիգի Ուգուլավան, ու Գիգա Բոկերիան ու Պավլե Կուբլաշվիլին:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ներկայումս հաշվարկել է քվեների 99.95 տոկոսը՝ 3766 ընտրատեղամասերից 3694-ը: ԿԸՀ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանքը» հավաքել է քվեների 54.88 տոկոսը (1,184,593 քվե), իսկ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 40.39 տոկոսը (871,725 քվե):
Գիորգի Տարգամաձեի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական» շարժումը ստացել է քվեների 2.04 տոկոսը՝ 44,118 քվե, Շալվա Նաթելաշվիլիի «Լեյբորիստական» կուսակցությունը՝ 1.2 տոկոս՝ 26.751 քվե:









































