Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանն այսօր հաստատել է կառավարության ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում էր անդրսահմանային օպերացիաների ժամկետը մեկ տարով երկարաձգելուն:
Դա նշանակում է, որ Թուրքիայի կառավարությանը հնարավորություն է տրվում Սիրիայի տարածքում իրականացնել անդրսահմանային օպերացիաներ: Օրինագծին կողմ է քվեարկել 320 պատգամավոր, դեմ՝ 129-ը: Օրինագծի քննարկումը տևել է 3 ժամ և 20 րոպե:
Դեռևս քվեարկությունից առաջ հայտնի էր, որ օրինագծի օգտին քվեարկելու են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ), իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու օրինագծին:










































