«Կառավարությունն ի՞նչն է համարում հաջողություն: Չնայած կառավարությունը որդեգրել է արտահանման խթանման քաղաքականություն, արտահանումն ընդամենը 4.8% է աճել, իսկ ներմուծումը՝ 11.4%: Ըստ էության, ավելացված արժեքի 60%-ը ստացվել է ներմուծումից»,- այսօր ԱԺ նիստում 2011թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ եթե կառավարություն չլիներ, մեկ է՝ պղնձի միջազգային գները բարձրացել էին, և արտահանման ծավալները մեծանալու էին: Փաշինյանը ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց՝ ԱԱՀ-ի գծով որքա՞ն է վերադարձվել տնտեսվարողներին:
«22 մլրդ դրամ էր նախատեսված գերավճարների վերադարձման համար, և ամբողջությամբ վճարվել է»,- պատասխանեց Ա. Ջանջուղազյանը` հստակ չկարողանալով ասել՝ դա 2011-ի՞ն է առաջացել, թե՞ նաև 2010-ից է մնացել: Նա նշեց, որ արդեն 4-րդ, թե 5-րդ տարին է, որ գերավճարների մասով բյուջեում առանձին տող է նախատեսվում և ամբողջությամբ վճարվում է:
Ա. Ջանջուղազյանը համաձայնեց պատգամավորի հետ, որ աճը ստացվել է հիմնականում ներմուծումից՝ միաժամանակ պատճառաբանելով, որ տնտեսության կառուցվածքն է այդպիսին:









































