Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել դպրոցներում` բացառելու համար դրամահավաքության որևէ դեպք, այդ թվում «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» էլեկտրոնային կայքերի միջոցով կատարվող նվիրատվությունների դեպքում, որոնք կատարվում են միայն կամավոր սկզբունքով և պարտադիր բնույթ կրել դրանք չեն կարող:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանձնարարվել է նաև քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական բոլոր դպրոցներում բացառել տետրերի, ալբոմների, գրենական պիտույքների և նման այլ պարագաների վաճառքը:
«Դպրոցը առևտրի վայր չէ: Նմանատիպ երևույթի վերաբերյալ ահազանգի դեպքում կկիրառվեն համապատասխան բոլոր միջոցները և պատասխանատվության կենթարկվեն»,-նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է առավել հետևողական լինել և ուշադրության կենտրոնում պահել թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքն ու բնակչության կողմից այդ հեռախոսահամարներին ստացվող ահազանգերին արձագանքման ընթացքը:
«Սպասարկման ոլորտի այն կառույցներում, որտեղ հստակ հայտարարել ենք, որ գործում է թեժ գծի հեռախոսահամար, պետք է ուսումնասիրել, թե ինչ ընթացք է տրվում քաղաքացիների հնչեցրած ահազանգերին: Բացի այդ, քայլեր ձեռնարկեք կարճ ժամանակում աշխատակազմի բոլոր սպասարկման գործառույթ իրականացնող վարչություններին առանձին թեժ գծի հեռախոսահամարներով ապահովելու ուղղությամբ և վերահսկեք, որպեսզի դրանցով ստացված ահազանգերին օպերատիվ լուծումներ տրվեն»,-նշել է քաղաքապետը:








































