Այսօր առավոտյան Վրաստանում մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր մրցակիցն է ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընտրությունների մեկնարկը գնահատեց ջավախահայ, ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը՝ ասելով, որ այս պահին դժվար է որևէ տեղեկություն հայտնել, որովհետև դեռ նոր են մեկնարկել ընտրությունները, և շատ փաստեր չկան՝ խոսելու դրանց անցկացման տեխնոլոգիաների մասին:
Սակայն, ըստ նրա, այս պահի դրությամբ կան որոշակի խախտումներ. «Մի շարք ընտրատեղամասեր ուշ բացվեցին, հստակ կարող ենք ասել, որ քվեաթերթիկներն ավելի քիչ են, քան ընտրողները, հետո դեպքեր եղան ընտրատեղամասերում:
Այսօր կաշառքների մասին չեմ լսել, բայց մինչև ընտրություններն ասում էին, որ ընդդիմությունը գումարներ է բաժանում: Դժվար է ասել, չկան փաստեր՝ ապացուցելու, բայց տարբեր շրջաններից կային մեսիջներ, որ ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանում:
Ընտրողների մասնակցության ակտիվության մասին ևս այս պահին չեմ կարող ասել, քանի որ դեռ վաղ է, ժամը 11-ին առաջին վերլուծություններն ու ամփոփումները կլինեն»,- մանրամասնեց Առնոլդ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ երկու հիմնական կուսակցությունների ընտրական թիմում ընդգրկված են հայեր, ուստի կարելի է ենթադրել, որ Վրաստանի նոր խորհրդարանում հաստատ կընդգրկվեն մի քանի հայեր և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից:









































