Այսօր Կառավարության շենքի մոտ կազմակերպվել էր երկու բողոքի ակցիա։ «Առաջին լրատվականը» արդեն տեղեկացրել է փողոցային առևտրով զբաղվող մարդկանց ցույցի և ոստիկանության հետ ընդհարման մասին։
Միևնույն ժամանակ բողոքի ակցիա էր ընթանում նաև հենց Կառավարության շենքի առջև` Տիգրան Մեծ պողոտայի մյուս կողմում։
Բողոքի մասնակիցները Երևանի կենտրոնի նախկին բնակիչներն էին, ում սեփականության իրավունքը ոտնահարվել է և չի վերականգնվում արդեն մի քանի տարի։
Ցուցարարները պնդում են, որ Տիգրան Սարգսյանը և Սերժ Սարգսյանը խոստացել են լուծում տալ խնդրին, սակայն այդպես էլ ոչինչ չեն արել այդ ուղղությամբ, ոչ մի փոխհատուցում չեն տրամադրել` իրենց տանից դուրս հանելու և ունեցվածքին տիրանալու համար։
Կառավարության շենքը շրջապատած ոստիկանները այդպես էլ թույլ չտվեցին մարդկանց կառավարության նիստից հետո մոտենալ և պատասխան պահանջել վարչապետից։
Ստորև ձեզ ենք ներկայացնում մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների ամփոփ տեսագրությունը: «Առաջին լրատվականի» տեսախցիկը արձանագրել է սեփականության իրավունքից զրկվածների և փողոցային առևտրով զբաղվողների բողոքի ցույցերը կառավարության առջև, ոստիկանների կոպիտ արձագանքը նրանց գործողություններին, բախումը ցուցարարների շահերը պաշտպանող «Ժառանգության» պատգամավորների և ոստիկանների միջև, Անահիտ Բախշյանի ինքնազգացողության վատացումը և Վարդգես Գասպարիին բերման ենթարկելը:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի









































