Անցած գիշեր Մադրիդում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ բողոքողների ակցիան ցրելու ժամանակ տուժել է 12 մարդ, ձերբակալվել երկուսը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Բողոքի զանգվածային ակցիայի պատճառը եղել է երեկ Իսպանիայի կառավարության կողմից հաջորդ տարվա բյուջետային կրճատումների նախագծի հաստատումը` պարտքային ճգնաժամի և երկրում գործազրկության բարձր մակարդակի ֆոնին:
Սկզբում ակցիան խաղաղ է ընթացել, սակայն կեսգիշերից անց` իշխանությունների կողմից արտոնված ցույցի ժամկետը լրանալուն պես, երբ ոստիկանները փորձել են ցրել ցուցարարներին, նրանց ուղղությամբ սկսել են քարեր ու շշեր թռչել:
Վերջին շաբաթվա ընթացքում այդ ակցիան երրորդն էր: Սեպտեմբերի 25-ին ցուցարարներին ցրելու հետևանքով տուժել էր 64 մարդ, 38 ցուցարար ձերբակալվել էր:









































