Շառ Ազնավուրի հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանների քանդակագործ Սուրեն Մելքոնյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ առաջիկա 15 օրում մայրաքաղաքում կտեղադրվի Պարույր Սևակի և Տիգրան Պետրոսյանի արձանները: Մայրաքաղաքում կտեղադրվի ևս 5 արձան, որոնց կերպարների անունները քանդակագործը չի հայտնել, բայց նշել է, որ նրանցից մեկը կլինի շատ հայտնի ֆիլմի հերոս:
Քանդակագործը նաև տեղեկացրել է, որ Մհեր Մկրտչյանի կոտրված արձանն արդեն վերանորոգվել է և արձանը կտեղադրվի միայն այն ժամանակ, երբ հարակից տարածքում տեսախցիկներ տեղադրվեն:
Նշենք, որ 2 օր առաջ անհայտ անձը կոտրել էր Մհեր Մկրտչյանի արձանի տակառիկը, ինչից հետո արձանը տարվել էր քանդակագործի արվեստանոց` վերանորոգման:








































