Ճապոնիայի կառավարությունն այլևս չի միջամտի 2011թ. վթարից հետո կանգնեցված ատոմակայանների աշխատանքների վերսկսման գործընթացին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկիո Էդանոյի խոսքերով՝ ատոմային ռեակտորներն այսուհետ «կօգտագործվեն որպես էլեկտրաէներգիայի կարևոր աղբյուր այն դեպքում, երբ կանցնեն միջուկային կարգավորման մարմինների բոլոր համապատասխան թեստերը և կստանան տեղի բնակիչների աջակցությունը»:
Սակայն այս պահից սկսած՝ այս կամ այն ռեակտորի գործարկման անհրաժեշտության բացատրությունը երկրի իշխանություններից փոխանցվում է կայանի օպերատոր ընկերությանը:
Նախարարը նշել է, որ կառավարության բացատրություններն անհրաժեշտ էին երկրում բոլոր ատոմակայանների աշխատանքների դադարեցումից հետո դրանցից առաջինի վերագործարկման դեպքում: Սակայն դրանից հետո ճապոնական էներգետիկայի զարգացման նոր ծրագիրն ընդունվել է և ստեղծվել է համապատասխան մարմին՝ աշխատանքների վերսկսմամբ զբաղվելու համար, ուստի կառավարությունն այլևս չի միջամտի այդ գործին: