ԱՄՆ նախագահի նախկին անկախ թեկնածու Ռալֆ Նեյդերը Բարաք Օբամային անվանել է ռազմական հանցագործ՝ քննադատելով նրա միջազգային քաղաքականությունը: Նման հայտարարություն նա արել է Politico պարբերականին տված հարցազրույցում:
«Այլ երկրների ինքնիշխանությունը նրա համար ոչ մի բան չի նշանակում: Նրա անօդաչու թռչող սարքերը կարող են սպանել ում պատահի, ինչպես որ դա տեղի է ունենում, օրինակ, Պակիստանում, Աֆղանստանում և Եմենում: Դա ռազմական հանցագործություն է, և նա պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է Նեյդերը:
Նրա խոսքերով՝ «Օբաման ավելի վատն է, քան Ջորջ Բուշ-Կրտսերը»: «Բուշից ոչ մեկը ավելի նշանակալի բան չէր սպասում: Մինչդեռ Օբաման բարձրացրեց հույսի, օրենքի նկատմամբ հավատի մակարդակը, իսկ հետո խախտեց օրենքը»,- ասել է նա:
Միաժամանակ նախկին քաղաքական գործիչը քննադատել է Հանրապետական կուսակցությանը՝ այն անվանելով «1850-ականների ամենադաժան, անպարկեշտ, հակաաշխատավորական և առավել ռազմատենչ կուսակցությունը»:
Ռալֆ Նեյդերը փաստաբան է և քաղաքական ակտիվիստ: Նա հանդես է գալիս ֆեմինիզմի, սպառողների իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանությամբ: Նեյդերը 4 անգամ առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես անկախ թեկնածու կամ «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչ:









































