Վրաստանի նախագահը Թբիլիսիում Արդարադատության տուն է բացել: Նա այսօրվա օրը «պատմական» է անվանել, քանի որ բացվել է Վրաստանի գործադիր իշխանության ամենամեծ շենքը:
«Այս շենքը նախատեսված է ոչ թե պաշտոնյաների և նախարարների, այլ Վրաստանի քաղաքացիների համար: Դա նոր հարաբերությունների խորհրդանիշն է, որոնք ձևավորվել են Վրաստանի ժողովրդի և կառավարության միջև, այն կառավարության, որը ծառայում է իր ժողովրդին: Ժողովուրդն ամեն ինչն է, իսկ կառավարությունը և նախագահը ծառայում են նրան: Պետության գլխավոր արժեքը ժողովուրդն է,- ասել է Սաակաշվիլին, նշելով, որ «Արդարադատության տուն» վրացական ապրանքանիշը ճանաչվել է ՄԱԿ կողմից և պարգևատրվել է հատուկ պարգևով:
Նախագահի խոսքերով, դա Գլդանի բանտի հակաթեզն է, որն անցյալի ժառանգությունն է:
«Սա հակադրություն է փակ բանտի և Արդարադատության տան միջև, որի բոլոր պատուհանները բաց են: Սա անցյալի և ներկայի միջև տարբերությունն է, և ես խոսք եմ տալիս, որ բացասական անցյալը մեզ չի խանգարի ապագայում»,-ասել է Սաակաշվիլին, ընդգծելով, որ չնայած բոլոր սադրանքներին և տապալումներին, Վրաստանը առաջ կգնա:
Նախագահն ընդգծել է, որ բոլոր երկրներում էլ բանտերում բռնություններ իրականացնելու փաստն առկա է, և այդ երկրներում այդ հանգամանքը անգամ թաքցնում են:
Սաակաշվիլին նաև հայտնել է, որ վրացական և միջազգային մաֆիան պատրաստվել են Վրաստանի ընտրություններին և դավեր են նյութել այսօրվա իշխանություններին տապալելու նպատակով:
«Մենք ամեն ինչ կանենք, որ ժողովուրդն այդ տեղեկությունը ստանա»,- ասել է նա:








































