Առաջիկա կիրակի քաղաքապետեր կընտրվեն նաև Արագածոտնի մարզում: Աշտարակի ու Ապարանի տարածաշրջանի պատգամավոր, ՀՀԿ-ական դարձած «Տիգրան Մեծ» հրատարակչության ղեկավար Վրեժ Մարկոսյանը «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ աջակցո՞ւմ է ՀՀԿ թեկնածուին, պատասխանեց. «Բոլորին եմ աջակցում: Ում ժողովուրդն ընտրի, նա իմ ընկերն է լինելու»: Նշենք, որ Աշտարակում ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն ՀՀԿ-ական Արմեն Անտոնյանն է:
Մամուլում տեղեկություններ եղան, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով ծնունդով ապարանցի է, փորձում էր քաղաքապետ դարձնել «Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատեր Կարեն Գևորգյանին, սակայն ՀՀԿ-ն որոշեց պաշտպանել Արմեն Անտոնյանին: «Դատախազը բացարձակ կապ չունի էդ տարածքի հետ»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Վրեժ Մարկոսյանը:
Աշտարակի գործող քաղաքապետը, որը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի եղբայրն է, չի առաջադրվել: Մամուլում հայտնված տեղեկություններով` ԲՀԿ Աշտարակի տարածքային կառույցը որոշում է կայացրել Աշտարակի քաղաքապետի սեպտեմբերի 23-ի ընտրություններում պաշտպանել նախկին ՕԵԿ-ական, այժմ անկուսակցական Ռազմիկ Տերտերյանի թեկնածությունը: ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:










































