Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մոտ ժամանակներս մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու համար ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Վերջինիս խոսքերով՝ դեռ հստակեցված չէ, թե Նյու Յորքում Մամեդյարովի ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման հարցը: Ազիմովը հավելել է, որ Մամեդյարովը ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակներում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:








































