«Անկախ Հայաստանը պետք է լիներ այնպիսի երկիր, որտեղ վերադառնային աշխարհասփյուռ հայերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը՝ անկախության տոնի նախօրին խոսելով իր երազած Հայաստանի, 21-ամյա անկախ Հայաստանի նվաճումների ու պարտությունների մասին:
Ինչպես նշեց Կ. Խոդիկյանը` ինքը, բնականաբար, այս Հայաստանի մասին չէր երազում:
«Երբ ես «այո» ասացի անկախությանը, մտածում էի, որ դժվարին ճանապարհ ունենք անցնելու, դեռ շատ փորձություններ պետք է հաղթահարենք: Եթե այդ պահին ինձ հարցնեին, թե 20 տարի հետո ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանը, ես կպատասխանեի` կլինի ուժեղ, հզոր, ինքնիշխան, իրեն հարգող երկիր, որտեղ ձգտում է ապրել ամեն մի հայ` աշխարհի որ ծայրում էլ գտնվի:
Իսկ այսօր, ցավոք սրտի, ունենք ահավոր մեծ խնդիրներ: Ինձ համար, որպես իմ երկրում ապրող մարդու, ամենաահավոր խնդիրն արտագաղթն է, որն ավելի մեծ թափ է ստանում: Այնպես որ` այսօր` անկախության օրվա նախօրեին, տագնապս ավելի շատ է, քան հանրաքվեի օրը, և ցավս ավելի մեծ է»,- ցավով նշեց Կարինե Խոդիկյանը՝ հավելելով, որ մենք երկիր, անկախ պետականություն ունենալու փոխարեն ունենք արտագաղթող իրականություն:
Նա նշեց, որ անկախության տարիների նվաճումը Արցախի ազատագրումն է: «Այսօր ես չեմ կարող չխոսել այն մասին, որ մենք հող ենք ետ բերել, երկրի տեր ենք դարձել, այսօր մենք հաղթող ժողովուրդ ենք. սա այն միակ մեծ նվաճումն է, որն անկախությունը մեզ բերել է: Որպես այս տարիների հաղթանակ` նվաճում է նաև Մատենադարանի նորակառույց մասնաշենքը, որը մի փոքր հայացք է դեպի մեր ունեցածը»,- ասաց Կարինե Խոդիկյանը:
Դրամատուրգը ցանկանում է, որ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կվերադառնան աշխարհասփյուռ հայերը, որովհետև երկիրը երկիր է մարդկանցով: Ըստ նրա՝ կարելի է կառուցել հազարավոր բարձրահարկեր, ամեն ինչ կարելի է անել, բայց եթե չկա մարդը, քաղաքացին, անիմաստ է այդ ամենը:








































