Սեպտեմբերի 30-ին, ժամը 19:30-ին, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում տեղի կունենա Մանկական Եվրատեսիլ 2012-ի Հայաստանյան Եզրափակիչ փուլը:
Կազմակերպիչները ներկայացնում են մասնակցող երգերի ամբողջական ցանկը և Ամստերդամ քաղաքում կայանալիք «Մանկական եվրատեսիլ-2012» երգի մրցույթի Հայաստանում անցկացվող եզրափակիչ փուլի քվեարկության կանոնները:
Եզրափակչին կմասնակցեն Ֆլորա Մխիթարյանը, Լուսինե Ղազարյանը, Վահագն Գրիգորյանը, Տաթև Ենգիբարյանը, Նինելա Մխիթարյանը, Կարեն Օհանյանը, Անգելինա Գասպարյանը, « Style » խումբը, Մանե Առաքելյանը, Միլլի Միսկարյանը, Գայանե Ղազարյանը, Սոնա Դունոյանը, « Compass band », Լիդուշիկը, «Խենթություն» խումբը, Մարինե Աբրահամյանը և «Զանգակ» մանկական ստուդիան:
Եզրափակչում ելույթների հերթականությունը որոշվում է եզրափակչի մասնակիցների ներկայությամբ եզրափակչին նախորդող շաբաթվա ընթացքում անցկացվող վիճակահանության ժամանակ:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության տաղավարում և կհեռարձակվի «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության Հանրային Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Եզրափակիչ փուլի ընթացքում քվեարկությունն իրականացվելու է հեռուստադիտողների /SMS/ քվեարկությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
Քվեարկությանը կարճ հաղորդագրություններով /SMS/ կարող են մասնակցել հայաստանաբնակ հեռուստադիտողները։ Քվեարկությունը սկսվում է եզրափակիչ փուլում առաջինը ներկայացվող երգի առաջին վայրկյանից և ավարտվում է վերջին երգի ավարտից հետո 15 րոպե անց:
Եզրափակիչ փուլի ընթացքում յուրաքանչյուր ստեղծագործության վերջնական միավորները հաշվարկվելու են Ժյուրիի և SMS-քվեարկության արդյունքների հիման վրա` 50% – 50% հարաբերակցությամբ:
Եզրափակիչ փուլի ընթացքում 12 միավոր կստանա այն երգը, որը ժյուրիի եւ SMS-քվեարկության հանրագումարի արդյունքում կհավաքի ամենաբարձր ցուցանիշը,
10 միավոր կստանա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեցող երգը,
8 միավոր՝ երրորդը և այլն։
Ժյուրիի և հեռուստադիտողների կողմից կարճ հաղորդագրությունների քվեարկությամբ առավելագույն՝ 12 միավորն ստացած լավագույն ստեղծագործության կատարողը կամ կատարողները (այսուհետ՝ Հաղթող մասնակից) կստանա(ն) իրավունք Հայաստանը ներկայացնելու Ամստերդամ քաղաքում կայանալիք Մանկական Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2012» 10-րդ հոբելյանական մրցույթը դեկտեմբերի 1-ին կկայանա Ամստերդամում: Մրցույթի կազմակերպիչն է AVRO հոլանդական հեռուստաալիքը:









































