Ռուսաստանի և ևս հինգ պետությունների գիտնականները, որ Յակուտիայում հետազոտություններ էին անցկացնում, հավաստիացնում են, որ արդեն հնարավոր է կլոնավորել նախապատմական շրջանի մամոնտներին:
2012 թ.-ի օգոստոսին «Յանա 2012» պալեոնթոլոգիական միջազգային արշավախմբի անդամները բացառիկ նյութեր են հայտնաբերել` այդ թվում նախապատմական շրջանի կենդանու կենդանի բջիջներ: Արշավախմբում ներառված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեդիայի և Անգլիայի մասնագետները: Արշավախմբի ղեկավարը նշում է, որ 100 մ խորության վրա իրենց հաջողվել է բացահայտել բացառիկ գտածոներ` փափուկ և կենդանի հյուսվածքներ, բուրդ և մամոնտի ողնուղեղ: Այս գտածոներով լուրջ հետաքրքրված է կորեացի, սկանդալային հեղինակություն ունեցող պրոֆեսոր, «Sooam Biotech» հիմնադրամի տնօրեն Խվան Ին Սունգը, ով վստահեցրել է, որ հնարավոր է այդ նյութերի օգտագործմամբ մամոնտի կլոն ստեղծելը: Տեղեկացնենք, որ նա արդեն ստեղծել է շան, կատվի, կովի կլոններ: Այս եզակի գտածոները հայտնաբերել են Յակուտիայի դժվարհասանելի հատվածում, Յանա գետի դելտայում, ուր ամեն տարի ընթանում են պալեոնթոլագիկան հետազոտություններ:
«Թե որքան ժամանակ կտևի կլոնավորումը, կախված է, թե որքան լավ վիճակում են հայտնաբերված հյուսվածքների օրինակները»,- հայտարարել է կորեացի պրոֆեսորը: Դրանք արդեն ուղարկվել են կորեական գիտահետազոտական կենտրոն. զուգահեռաբար դրանք կուսումնասիրվեն նաև Հյուսիս-Արևելյան դաշնային համալսարանում:
Տեղեկացնենք, որ Յակուտիայում գիտնականների ձեռքի տակ է մամոնտներին վերաբերող աշխարհի ամենահարուստ հավաքածուն:









































