Ամենաերջանիկ եվրոպացիներն ապրում են Դանիայում և Նիդեռլանդներում: Այսպիսի եզրակացության են եկել Deutsche Post կոնցեռնի պատվերով անցկացված սոցիոլոգիական հետազոտության հեղինակները:
Վաղվա օրվա հանդեպ անվստահությունը, տնտեսական անկայունությունը, կլիմայի գլոբալ փոփոխությունները և ժամանակակից կյանքում առկա այլ երևույթներ, պարզվում է, վերը նշված երկրների շատ բնակիչների ընդհանրապես չեն խանգարում իրենց երջանիկ զգալ: Եվրոպայի 15 երկրներում անցկացված հետազոտության արդյունքներով` եվրոպացիների մեծամասնությունն իրեն երջանիկ է զգում: Ամենաշատը նման մարդիկ Դանիայում են (մոտ 90%): Նրանց հետևում են Նիդեռլանդների, Շվեդիայի և Լյուքսեմբուրգի բնակիչները:
Նախորդ տարվա արդյունքների համեմատ Մառախլապատ Ալբիոնի բնակիչներն այս տարի ավելի երջանիկ են. նրանք նախորդ տարվա ութերորդ տեղից բարձրացել են վեցերորդ տեղը: Լեհերը (19-րդից 16-րդ տեղ) և սլովակները (22-րդից 18-րդ տեղ) ևս նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի երջանիկ են: Երջանկության աստիճանով հույները 23-րդ տեղից հայտնվել են 28-րդ տեղում: Իսպանացիները ևս անցյալ տարի ավելի երջանիկ են եղել (11-րդից 17-րդ տեղ): Թուրքերը ևս նույն վիճակում են (17-րդից 22-րդ տեղ): Երջանիկ եվրոպացիների ցուցակի ամենաներքևում բուլղարացիներն են:
Համեմատաբար կայուն և հարուստ Գերմանիայում բնակչության 61%-ն է երջանիկ: Սա ցուցակում իններորդ հորիզոնականն է: Լեհաստանում (50%) և Ռուսաստանում (37%) մարդիկ պակաս երջանիկ են: Հետաքրքիր է, որ իրենց երջանիկ համարող մարդկանց մեծ մասը կանայք են: Ընդ որում` այս միտումն արձանագրվել է Եվրոպայի բոլոր երկրներում: Զույգ ունեցողներն ավելի երջանիկ են, քան մենակ մարդիկ, իսկ նրանք, ովքեր լավ են վաստակում, ավելի երջանիկ են նրանց համեմատ, ովքեր չեն կարող հպարտանալ բարձր աշխատավարձով:









































