Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին արդեն դրված է, ինչ վերաբերում է տարածաշրջանային երկու՝ Հայաստան և Ադրբեջան երկրներին, վերջիններս ՆԱՏՕ-ի հետ համագործակցում են տարբեր ծրագրերի շրջանակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի ռազմավարությանն այս տարածաշրջանում:
Նա մի էական հանգամանքի մասին նշեց, որ ՆԱՏՕ-ն պատերազմի ընթացքում սատար չի կանգնում այն երկրներին, որոնց հետ ծրագրային համագործակցության մեջ է: Նա այս հանգամանքը շատ էական համարեց՝ ասելով, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է միայն իր անդամներին, եթե նույնիսկ ՆԱՏՕ-ն խորը համագործակցություն ունի որևէ երկրի հետ, դա չի նշանակում, որ պատասխանատվություն է կրում այդ երկրի համար:
«Հիմա բնական է, որ Վրաստանի հետ ՆԱՏՕ-ն այլ հարաբերություններ ունի, քանի որ Վրաստանը ցանկություն է հայտնել ՆԱՏՕ-ին ինտեգրվել, ՆԱՏՕ-ն էլ կարծես դեմ չէ, առարկություններ չեն եղել, լրիվ ուրիշ մթնոլորտ է, ուրիշ հարաբերություններ են, ինչը չկա ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ ուրիշ երկրների հետ: Հայտարարություններ եղել են, որ այս երեք երկրները դիտարկվում են տարածաշրջանային մեկ տիրույթում, բայց այս հայտարարությունները մեկ բան են, և դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն մի աչքով է նայում այս երկրներին»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին տարածաշրջանային այցով Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցելեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:









































