CNN Türk-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Սուհեյլ Բաթումը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայի սահմանից ոչ հեռու ընկած Ափայդընի ճամբարում օտար զինծառայողներ պահելը հակասում է Թուրքիայի Սահմանադրությանը:
Պատգամավորը դատախազությանը կոչ է արել հետաքննել այդ փաստը. «Արտգործնախարարն ասում է, որ Ափայդընի ճամբարում կան օտար զինվորներ, սակայն չկա որևէ իրավական փաստաթուղթ, որը թույլ կտա օտար զինծառայողին գտնվել թուրքական տարածքում:
Թուրքիայի Սահմանադրության 306-րդ հոդվածը չափազանց հստակ է և կտրականապես արգելում է առանց խորհրդարանի թույլտվության թուրքական տարածքում օտար զինծառայողներ պահել: Եթե որևէ մեկը դա անում է անիրազեկվածության կամ Օբամայի ու Քեմերոնի հանդեպ տածած վախի պատճառով, ապա միևնույն է, նա օրենք է խախտում: Մենք դատախազներին կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները և աչք չփակել դրա վրա»:
ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին հայտարարել է, որ սիրիացի փախստականների (Ափայդընի) ճամբարում զինյալների նախապատրաստական դասընթացներ անցկացնելը և նրանց հարևան Սիրիայի տարածք փոխադրելը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում:
Քըլըչդարօղլուն Թուրքիայի Պետական բարձրագույն խորհրդին ու դատական մարմիններին կոչ է արել հետևել իշխող կուսակցության կառավարության ապօրինի գործողություններին՝ ընդգծելով, որ խախտվել է երկրի Սահմանադրությունը: Քըլըչդարօղլուն հավելել է, որ Էրդողանի կառավարության թույլ տված սխալները հանգեցրել են միջազգային արենայում Թուրքիայի մեկուսացմանը. «Մենք դեմ չենք սիրիացի փախստականներին ընդունելուն, սակայն դեմ ենք թուրքական տարածքում օտար զինվորների առկայությանը և նրանց՝ դեպի հարևան Սիրիա փոխադրմանը»:










































