Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խմբակցության նիստում պատմել է ադրբեջանցիների հանդեպ Թուրքիայի ներկայիս հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) գործած դավաճանության մասին.
«1945 թվականին Իսմեթ Ինենյուի գլխավորած ԺՀԿ-ական կառավարությունը ԽՍՀՄ-ին (Ստալինին) է հանձնել 146 ադրբեջանցու, որոնք հանգրվանել էին Թուրքիայում՝ փախչելով ստալինյան բռնություններից: 1945 թվականին Թուրքիա փախած այդ 146 ադրբեջանցիները կարծում էին, թե ապաստան են գտել իրենց թուրք եղբայրների մոտ:
Նրանք անգամ չէին կարող պատկերացնել , թե ինչպիսի ստորությամբ իրենց կհանձնեն: Երբ նրանք հասկանում են, որ իրենց հանդեպ դավաճանություն են գործում, նրանք անգամ խնդրում են թուրք հրամանատարներին գնդակահարել իրենց: Սակայն այդ ժամանակվա ԺՀԿ-ական կառավարությունը, անսալով Ստալինի պահանջներին, վերադարձնում է նրանց:
Եվ մեր ադրբեջանցի եղբայրներին՝ ձեռքերը կապված վիճակում, հանձնել են խորհրդային իշխանությանը: Ներկայումս ԺՀԿ-ն մտադիր է նմանատիպ բան կրկնել և մեզ մոտ ապաստան գտած սիրիացի փախստականներին հանձնել «Բաաս» կուսակցության մարդասպաններին: Սակայն մենք դա թույլ չենք տա, որովհետև մենք մշտապես գտնվել ենք օգնության կարիք ունեցողների կողքին: Այդքանից հետո ԺՀԿ-ն ինչպե՞ս կարող է խոսել եղբայրության, ժողովրդավարության մասին: ԺՀԿ-ն մշտապես մտածել է իր անձնական հավակնությունների մասին»:









































