Մավրիտանիայի իշխանությունները Տրիպոլիին են հանձնել Լիբիայի հետախուզության նախկին պետ, Մուամար Քադաֆիի մոտ զինակից Աբդուլլահ Ալ-Սենուսիին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի պետական հեռուստաալիքը:
Արտահանձնումն իրականացվել է Մավրիտանիայում Սենուսիի ձերբակալությունից կես տարի անց: Նախկին պաշտոնյանի արտահանձնման փաստը գործակալությանը գաղտնիության պայմաններում հաստատել է կառավարական աղբյուրը (չի նշվում, թե որ երկրի կառավարության մասին է խոսքը):
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 3-ին, մավրիտանական «Ալ-Ախբար» գործակալությունը հայտնել էր, որ այցով երկիր է ժամանել Լիբիայի արտգործնախարար Անդան Մանսուր Աբդալլահը: Պարբերականի տվյալներով՝ նրա այցի նպատակը եղել է Ալ- Սենուսիի հետ հանդիպումը:
Եգիպտոսի հետախուզության նախկին պետը ձերբակալվել է Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակշոտում 2012 թ. մարտին: Նրա մոտ հայտնաբերվել էին կեղծ փաստաթղթեր: Չնայած Մավրիտանիայի կողմից՝ Լիբիային տրված խոստմանը առ այն, որ ձերբակալվածը պետք է հանձնվի Տրիպոլիին, նրանք ավելի ուշ հայտարարեցին, որ ձերբակալվածը նախ պետք է դատվի տեղի դատարանում: Նա մեղադրվում էր անօրինական կեղծ փաստաթղթերով երկիր մուտք գործելու մեջ:
Ալ-Սենուսիի դեմ Մավրիտանիայում դատական գործընթաց տարվել է, թե ոչ՝ չի հաղորդվում:









































