Սառը պատերազմի տարիների թշնամիներ Ռուսաստանն ու Թուրքիան, չնայած շարունակական դիվանագիտական վեճերին, ընդհանուր լեզու են գտել էներգետիկ հարցերի շուրջ: Թուրքիան իր համաձայնությունն է տվել առ այն, որ ռուսական «Հարավային հոսք» գազատարն անցնի իր տարածքային ջրերով, իսկ Ռուսաստանը պատրաստվում է 20 մլրդ դոլար ներդնել Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման համար:
Այդ համաձայնությունները ձեռք են բերվել՝ չնայած այն բանին, որ Թուրքիան քննադատում է Ռուսաստանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու և Թուրքիայում ՆԱՏՕ-ի արագ ահազանգման համակարգի տեղակայման դեմ բողոքելու համար:
Արագ զարգացող տնտեսություն ունեցող Թուրքիան էներգիայի պահանջ ունի: Համաձայն կանխատեսումների` այդ երկրի էներգետիկ պահանջները 2023-ին կկրկնապատկվեն: Թուրքիան չի կարող միայնակ հաղթահարել աճող էնեգետիկ պահանջները, այդ իսկ պատճառով սկսել է միջազգային գործընկերներ փնտրել, որոնք կօգնեն նրան ատոմակայան կառուցել և շահագործել:
Ռուսաստանն առաջարկել է օգնել Թուրքիային և այժմ միջերկրականի ափին «Ակկույու» ատոմակայանի շինարարական աշխատանքներ է իրականացնում: Համաձայն նախագծի` 2019 թվականին շահագործման կահանձնվի ВВЭР-1200 ռեակտորներով 4 բլոկ: 20 մլրդ դոլար արժեքով ատոմակայանի շինարարությունը լիովին կֆինանասավորվի «Ռոսատոմի» կողմից:
Ռուսական ընկերությունը համաձայնել է կառուցել ատոմակայանը, դառնալ սեփականատերն ու ղեկավարել աշխատանքը դրա շահագործման ողջ ընթացքում, ինչպես նաև օգտագործված վառելիքը վերամշակման նպատակով Ռուսաստան ուղարկել: Այդ համաձայնությունը վկայում է նախկին թշնամիների միջև աննախադեպ համագործակցության հաստատման մասին:
Թուրքիայում ատոմային էներգետիկայի զարգացման հարցը գործնականում տարաձայնություններ չի առաջացնում, սակայն վերջերս անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հասարակությունը դրան կասկածամտորեն է վերաբերվում:
1986 թվականին Չեռնոբիլի վթարի հետևանքով ռադիոկատիվ տարրերով աղտոտվեցին Սև ծովի թուրքական տարածքայի ջրերը: Այդ հիշողությունը ստիպել է հարցմանը մասնակցած 2400 մարդկանցից ավելի քան 62,5% -ին դեմ արտահայտվել ատոմակայանի կառուցմանը:









































