ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի հերթական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին:
Նիստը վարել է խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Խորհրդակցության ընթացքում ի մի է բերվել նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, ամփոփվել են արդյունքները, քննարկվել են ծագած խնդիրներն ու խմբի անդամների առաջարկները:
Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման շրջանում և բուն ընտրությունների ընթացքում օրինականության և հասարակական կարգի ապահովման համար ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պետերը անձնական պատասխանատվություն են կրում և պետք է հստակ ու լիարժեք կատարեն ոստիկանության պետի հրամանով հաստատված ծրագրի պահանջները:
Ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ոստիկանության մարզային վարչություններին անհրաժեշտության դեպքում կհատկացվեն օժանդակ ուժեր, իսկ մինչ այդ խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել մարզեր գործուղել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողների, որոնք տեղերում կստուգեն ոստիկանների պատրաստականությունը, ինչպես և անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերեն անձնակազմերին:










































