ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 4-ին այցելել է Երևանի պետական համալսարան, ուր վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ ԱԳ նախարարն ասաց. «Փաստ է, որ այսօր հայ դիվանագետների զգալի մասն ավարտել է Միջազգային
հարաբերությունների ֆակուլտետը:
Հաճելի է նշել, որ ուսանողների մի մասն
ընտրում է դիվանագետի մասնագիտությունը, ընդունվում Դիվանագիտական դպրոց և համալրում արտգործնախարարության շարքերը»:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրել է տարածաշրջանային և միջազգային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Անդրադառնալով հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը` ԱԳ նախարարն ասել է.
«2004թ. ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին տեղափոխելու համար: Հունգարիայի իշխանությունները կտրականապես մերժում էին այդ բոլոր փորձերը: Ի՞նչ պատահեց, որ Հունգարիայի ներկայիս կառավարությունը հանկարծակի հավատաց Ադրբեջանի ստերին:
Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը, հերոսացնում էր մարդասպանին: Հիմա, ինչպես կարող է Հունգարիան ձևացնել, որ հավատացել է ադրբեջանական կեղծ խոստումներին և գնացել նման կասկածելի քայլի:
Ադրբեջանի իշխանությունները իրենց երկրում խորապես արմատավորված կոռուպցիան փորձում են բարձրացնել միջպետական հարաբերությունների մակարդակի:
Տեղյակ լինելով, Ադրբեջանի փորձերին, Հայաստանը բոլոր՝ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակներով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու միանշանակ հավաստիացումներ ստացել, որ նման քայլը բացառված է:
Ադրբեջանի ղեկավարության այս խայտառակ քայլը միջազգային հանրության մոտ շոկ է առաջացրել, բայց ոչ պակաս շոկ է առաջացնում Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության նկատմամբ: Միջազգային հանրության կողմից նման երևույթների հանդուրժումն է ձևավորում սադամհուսեյների»,- ընդգծել է նախարարը:









































