ՀՀ կառավարությունը նախատեսում է միջոցառումներ ձեռնարկել «ՀայՌուսգազարդ» ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասի ավելացման համար: Այս հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում:
Ըստ այդմ՝ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարը և ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի ու Սյունիքի մարզպետները համայնքների 139 մլն 446.5 հզ. դրամ ընդհանուր արժեքով սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարները, որոնք կառուցվել են տարբեր ծրագրերով՝ համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով, պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրեն Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Վերջինս «ՀայՌուսգազարդի» ղեկավարությանը պետք է առաջարկի թողարկել լրացուցիչ բաժնետոմսեր: Դրանք Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով կավելացվի ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի դիմաց վճարելով նշված գույքն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:
Ի դեպ, գործարքներից բխող պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման, գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» ընկերությունը պետք է կատարի իր միջոցների հաշվին:
Թե որքանո՞վ այս գործարքը կավելացնի ՀՀ կառավարության բաժնեմասը «ՀայՌուսգազարդում», կառավարության որոշման նախագծում չի նշվում:
Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 80%-ը պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին, 20%-ը՝ ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի նախարարության:
Սակայն լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ Ռուսաստանից գնվող գազի թանկացումը ՀՀ կառավարությունը ներքին շուկայում դեռ պահում է ձեռնարկությունում իր ունեցած 20 % բաժնեմասից 10 %-ը «Գազպրոմին» փոխանցելու հաշվին:









































