ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում հանրապետական Միթ Ռոմնին կարող է ԱՄՆ ներքաշել Սիրիայի և Իրանի հետ պատերազմի մեջ, հայտարարել է ներկայիս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
«Ռոմնին մեկ անգամ չէ, որ սխալմունք է համարել Իրաքում պատերազմի ավարտը և ամերիկյան զինծառայողների վերադրաձը ԱՄՆ: Նա համարում է նաև, որ սխալ է նշված ԱՄՆ զորամասերի` Աֆղանստանից դուրս բերման ամսաթիվը: Իր ելույթում նա նշել է, որ պատրաստ է Սիրիայի հետ պատերազմի»,- նշել է Բայդենը:
Հանրապետական թեկնածուն սկզբունքորեն դեմ չէ Աֆղանստանից ամերիկյան զորամասերի դուրս բերմանը, սակայն համարում է, որ ճիշտ չի նշվում դրանց դուրս բերման ժամանակահատվածը:
Ինչ վերաբերում է Իրանին և նրա ատոմային ծրագրին, ապա Ռոմնին հայտարարել է, որ պետք էր ավելի կտրուկ քաղաքականություն վարել, քան Օբան վարեց: Սակայն իր ելույթներում նա երբեք բացեիբաց չի խոսել Իրանի հետ պատերազմի մասին:
Հանրապետականների պատասխանը Բայդենին չուշացավ. «Զարմանալի չէ, որ վերջին 30 տարվա ընթացքում բոլոր կարևոր արտաքին քաղաքական հարցերում սխալված քաղաքական գործիչը պետք է սխալվեր նաև Ռոմնիի ռազմավարության հարցում, որն ուղղված է ԱՄՆ առաջատարի դիրքերի վերականգնմանը աշխարհում»,- հայտարարել է Ռոմնիի շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ամանդա Խեննեբերգը:










































