Շվեդական Expressen թերթին տված հարցազրույցում Քադաֆիի կառավարության արդարադատության նախկին նախարար, ցուցարարների կողմն անցած Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլը հայտարարել է, որ Մուամար Քադաֆին 1988թ.-ին շոտլանդական Լոքերբի քաղաքի վրայով անցնող ինքնաթիռը պայթեցնելու հրամանն անձամբ է տվել:
Հիշեցնենք, որ 1988թ. դեկտեմբերի 21-ին շոտլանդական Լոքերբի քաղաքի վրա պայթել էր Boeing-747 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել էր 270 մարդ, այդ թվում Լոքերբիի 11 բնակիչ և ինքնաթիռի 259 ուղևոր: Այս գրոծով դատապարտվել էր ընդամենը մեկ մարդ` Աբդ Ալ-Բասիտ Ալ-Մեգրահին, որը 2009թ. ազատ էր արձակվել բրիտանական բանտից` ծանր հիվանդության պատճառով, և որին, իբր, ընդամենը մի քանի ամիս էր մնացել ապրելու:
Սակայն պարզվել էր, որ Լիբիա տեղափոխված և այնտեղ հերոսի ընդունելության արժանացած Մեգրահին ավելի երկար է ապրելու, քան կանխատեսել էին բրիտանական բժիշկները:
Հիմա արդարադատության նախկին նախարարը հայտարարում է, որ Մուամար Քադաֆին անձամբ է Մեգրահիին հրաման տվել: Նախարարը նաև ասել է, որ ինքն անհերքելի ապացույցներ ունի, սակայն չի բացահայտել, թե ինչ ապացույցներ են դրանք: