Gazeta.ru-ն մեջբերում է ռուսական «Սպարտակ» ֆան-ակումբի ղեկավար Օլեգ Սեմյոնովի խոսքերը: Ռուսական ակումբի երկրպագուն խոսել է երեկ տեղի ունեցած միջադեպի մասին, որը գրանցվեց Թուրքիայում՝ «Ֆերենբախչե»-«Սպարտակ» հանդիպումից առաջ:
Թուրքական ակումբի երկրպագուները «Սպարտակ»-ին դիմավորել էին ոչ թե մարզադաշտում` ինչպես ֆուտբոլային խաղում են անում, այլ դրսում՝ չթողնելով անգամ իջնել ավտոբուսից: Թուրք երկրպագուները քարերով, դանակներով ու շշերով հարձակվել են թիմի ավտոբուսի վրա: Այս գործողությունները կատարվել են մարզադաշտի մուտքի մոտ: Թուրքերն անգամ ասել են, որ ռուս երկրպագուները հարբած են, ու իրենց թույլ չի տրվում խաղադաշտ մտնել: Երկու ավտոբուս նրանք ուղարկել են օդանավակայան, ու թիմի երկրպագուներն ուղղակի չեն կարողացել դիտել հանդիպումը:
Օլեգն ասում է. «Թուրքերն իրենց ահաբեկչությունը պատճառաբանում են նրանով, թե մենք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դրոշներ ենք մեզ հետ տարել Թուրքիա, ավելին՝ ցուցադրել ենք այնտեղ: «Սպարտակ»-ի դրոշը ցուցադրելը հասկանալի է, բայց ինչո՞ւ հայերինը. Հայաստանն ի՞նչ կապ ունի: Ոստիկանությունն անգամ ստուգեց մեզ մոտ եղածն ու տեսավ, որ կան այնպիսի պարագաներ, որոնք երկրպագուներն են ունենում: Եթե Հայաստանի դրոշ ցուցադրեինք, ապա ինչ-որ տեսախցիկ կֆիքսեր այդ դրվագը»:
Երկրպագուն ասել է նաև` երբ թուրքերը կոտրել են թիմի ավտոբուսների պատուհանները, «Մոլոտովյան կոկտեյլ» են նետել ավտոբուսների մեջ: Նրանք այդ տեսագրությունը դիտել են մի երեխայի հեռախոսով: Երբ թուրքական պատվիրակությունը դիտել է այդ տեսանյութը, նրանք թուրքերի գործողությունները պատճառաբանել են նրանով, որ «Սպարտակ»-ի երկրպագուները Հայաստանի դրոշն են ցուցադրել: Ընդհանրապես, թուրքական կողմի տեսակետներն այս հարցի շուրջ փոփոխական են…»:







































