Վերջին ժամանակահատվածում Հայաստանում ակտիվացել են քննարկումները, այսպես կոչված, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության կամ չանդամակցելու հնարավորությունների և նպատակահարմարության հարցի շուրջ: Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԱՄՆ մայրաքաղաքում բնակվող միջազգայնագետ Արմեն Խարազյանի հետ:
– Պարոն Խարազյան, ի՞նչ եք կարծում Հայաստանում սկիզբ առած Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ սկիզբ առած քննարկումների մասին: Ի դեպ, հենց այդ ֆոնին շահարկվում է «արևմտամետ» բնորոշումը: Ո՞ւր է սա տանում և ի՞նչ նոր շեշտադրումներ է դնում ժողովրդավարության համար պայքարի գործում՝ մանավանդ, որ արևմտամետությունը գործածվում է նույնիսկ որպես մեղադրանք:
– Եվրասիական միության գաղափարը նեոսովետիզմ է՝ նախկին խորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի ազդեցության վերականգնման փորձ: Այն հակասում է Հայաստանի անկախությանը, և պետք է մերժվի առանց որևէ սեթևեթանքի: Ռուսաստանը բարեկամ երկիր է: Սակայն Հայաստանն այսօր ունի Ռուսաստանից գերկախվածության խնդիր, որը եթե չհավասարակշռվի, ապա կդառնա Հայաստանի անկախության դեմ ուղղված անհաղթահարելի սպառնալիք: Եվրասիական միության ջատագովները սա պետք է հասկանան ու փոխարենը շրջվեն դեմքով դեպի Հայաստան՝ քաղաքական մյուս ուժերի հետ համատեղ հանրությանը տալու զարգացման այնպիսի մոդել, որը Հայաստանին կտաներ դեպի ժողովրդավարություն, տեխնոլոգիական ու տնտեսական առաջընթաց, կառավարման քաղաքակիրթ ավանդույթ: Հայաստանը եվրոպական քաղաքակրթության հետ ունի ավելի ընդհանուր բան, քան մեր որևէ հարևան կամ դաշնակից: Ահա այս գիտակցությունն է, որ Եվրասիական միության ջատագովներն անվանում են «արևմտամետ»՝ քաղաքական պիտակ, որի տեղը սովետական պրոպագանդիստական բառարանն է, և որը պետք է մերժել:
– Հայաստանի քաղաքական անցուդարձում վերջերս շատ է մեջբերվում հայտնի ասույթը, թե չկան հավերժ բարեկամներ և չկան հավերժ թշնամիներ, հավերժ են միայն շահերը: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ է դա կիրառելի ներքաղաքական պայքարում, հատկապես այն ուժերի կողմից, ովքեր պայքարում են ավտորիտար երկրում ժողովրդավարություն հաստատելու համար: Այս սկզբունքով առաջնորդվելը ներքաղաքական պայքարում արդյունավետություն ապահովո՞ւմ է, թե՞ վարկաբեկիչ է հանրության աչքերում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարության համար պայքարող շատ ուժեր պայքարի ընթացքում երկխոսել կամ համագործակցել են իրենց հակառակորդ հանդիսացող իշխանությունների հետ: Շատ դեպքերում դա բերել է հաջողության, շատ դեպքերում՝ ոչ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն մոդելը, որն ապահովում է հաջողություն և զերծ պահում անհաջողություններից:
– Հայաստանի ներքին քաղաքական դաշտում ուժերի համագործակցությունը դրական երևույթ է և պետք է խրախուսվի: Այդ ուժերից յուրաքանչյուրն էլ ունի առավելություններ ու թերություններ, չափավոր ու արմատական թևեր, և իհարկե, պատասխանատու է իր որոշումների ու դրանց հետևանքների համար՝ քաղաքական կամ կառույցային: Ձեր մեջբերած աֆորիզմի կապակցությամբ ասեմ, որ ներքին քաղաքական դաշտում թշնամի ուժ չպետք է լինի: Կարող է լինել հակառակորդ, ընդդիմադիր, սակայն ոչ թշնամի: Քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն այս մտածելակերպը, որն ավելի հարիր է արտաքին քաղաքականությանը, և ձևավորեն ներքաղաքական մրցակցության այնպիսի միջավայր, որը կլիներ կիրթ, կոլեգիալ ու չափավոր: Սա է, ահա, այն մոդելը, որը Հայաստանին կապահովի ավելի մեծ հաջողություն՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում:










































