Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի մի քանի օբյեկտների` ի պատասխան իսրայելական տարածքների հրթիռակոծման: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի փոխանցմամբ` ավիահարվածի թիրախ են դարձել զենքի արտադրության և պահման համար նախատեսված պաղեստինյան երկու օբյեկտներ:
ՀԱՄԱՍ շարժումը իր հերթին հայտարարել է, որ ռմբակոծման են ենթարկվել անվտանգության պետական ծառայությանը պատկանող երկու զինապահեստներ: Հարվածի հետևանքով հարևանությամբ բնակվող երկու կանայք վնասվածքներ են ստացել:
Վերջին երկու օրերին իսրայելական տարածքների ուղղությամբ Գազայի հատվածից 7 հրթիռ է արձակվել: Տուժածներ չկան:
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ այդ սադրանքների կազմակերպիչների «հիմարությունը»: «Եթե նրանք կրակեն, մենք պատասխան հարված կհասցնենք: ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն ու նրանց հետ կապված ահաբեկչական կազմակերպությունները պետք է հասկանան, որ պատասխանատվություն են կրելու իրենց գործողությունների համար»,-ասել է Պերեսը:









































