Ավստրալացի Ռոբինզոն Կռուզոն, որը բորսային շուկայում ունեցվածքը (10 մլն ավստրալական դոլար) կորցնելուց և ամուսնալուծվելուց հետո արդեն 20 տարի է միայնակ բնակվում է հեռավոր կղզում, բախվել է կղզային դրախտից արտաքսվելու սպառնալիքին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Դեվիդ Գլաշին Ավստրալիայի հյուսիս-արևելքում տեղակայված փոքր կղզում իր շան՝ Քուազիի հետ բնակվում է 1993 թվականից: Նախկին գործարարը նման կենսակերպ է ընտրել Սիդնեյում իրեն պատուհասած ձախորդություններից հետո: Այժմ նա երջանիկ ապրում է՝ սնվելով ձկներով ու ծովախեցգետիններով, ուտում է բանան, ընկուզեղեն, աճեցնում բանջարեղեն և նույնիսկ գարեջուր պատրաստում: Նա արևային էներգիայի միջոցով կարողանում է մուտք ունենալ ինտերնետ և երբեմն ֆոնդային բորսա է մուտք գործում իր առևտրային օգտահաշվով:
Դատարանն այժմ Գլաշին ստիպում է հեռանալ կղզուց, քանի որ նրան չի հաջողվել այդ ժամանակահատվածում կղզին հանգստի գոտու վերածել. այդ պայմանով էին նրան թույլատրել այնտեղ բնակություն հաստատել: Նա գաղափար անգամ չունի, թե ուր է գնալու:










































