AIPS-ի հաղորդմամբ, Սոմալիի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Աբդի Սալահան Մոհամեդ Ալին, մարզումներից տուն վերադառնալիս դարձել է մահապարտ ահաբեկիչների կազմակերպած պայթյունի զոհ: Եվս երկու ֆուտբոլիստներ` Մահմուդ Ամին Մուհամմեդն ուՍիիդ Ալի Մուհամմեդը, ծանր վնասվածքներ են ստացել: Ականատեսների փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել Սոմալիի ոստիկանական ակադեմիա տանող ճանապարհին, որտեղ առավոտյան մարզվել են ֆուտբոլիստները:
Վերջին տվյալներով, Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում նվազագույնը 10 մարդ է մահացել: Մահապարտներն ականապատ մեքենան պայթեցրել են ֆուտբոլային մարզաբազայի մոտակայքում: Այդ մասին հայտարարել է տեղի իրապահ մարմինների ներկայացուցիչ Հասան Ալին, ով այդ պահին եղել է դեպքի վայրում:
Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այդ ահաբեկչության հետևում, սակայն փորձագետները չեն բացառում, որ այն կազմակերպել է «Աշ Շաբաբ» ծայրահեղական իսլամիստական խմբավորումը: