Իրանի հուղարկավորության կազմակերպման հատուկ հանձնաժողովը հրապարակել է Իսլամական հեղափոխության հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի մի քանի անդամների հրաժեշտի և թաղման արարողությունների ժամանակացույցը: Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ հանրային հրաժեշտի արարողությունները տեղի կունենան հուլիսի 4-ին և 5-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մեծ մզկիթում (Մոսալլա)։
Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում տեղի կունենա սգո գլխավոր երթը, որին հուլիսի 7-ին կհաջորդի երկրորդ սգո երթը Ղոմում։ Վերջին հուղարկավորության ծեսը նախատեսված է հուլիսի 9-ին Մաշհադում։
Պատասխանատու հանձնաժողովը համընդհանուր հրավեր է հղել Իրանի քաղաքացիներին, աշխարհի ազատ մարդկանց և իսլամական ուսմունքի հետևորդներին՝ մասնակցելու արարողություններին։ Գերատեսչությունը միաժամանակ շնորհակալություն է հայտնել պետական մարմիններին և քաղաքացիական հասարակության խմբերին աջակցության համար՝ ընդգծելով, որ սգո միջոցառումների կազմակերպման գործում հիմնական դերը պատկանում է ժողովրդին։
Հանձնաժողովը հայտնել է նաև, որ սպասվող միջոցառումների վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այաթոլլահ Խամենեին և նրա ընտանիքի մի քանի անդամներ զոհվել են փետրվարի 28-ին՝ Թեհրանում նրանց նստավայրի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ահաբեկչական հարվածի հետևանքով, որը համընկել է Իրանի դեմ համատեղ ագրեսիայի մեկնարկի առաջին օրվա հետ:










































