Մարոկոյում կիրակի օրը փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներ պահանջել են երկրում անցկացնել բարեփոխումներ` փոփոխություններ մտցնելով երկրի հիմնական օրենքում` Սահմանադրությունում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ցուցարարները չեն պահանջել գահընկեց անել երկրի թագավորին` Մուհամադ 6-րդին, սակայն նրանց պահանջների մեջ է եղել թագավորի լիազորությունների սահմանափակումը:
Մայրաքաղաք Ռաբատի, մյուս քաղաքների` Կասաբլանկայի, Մարաքեշի փողոցներում ծածանվում էին Թունիսի, Ալժիրի, Եգիպտոսի դրոշները` ի նշան այդ երկրներում ծավալվող շարժումներին համերաշխության: Ցուցարարները բացականչել են՝ «Ժողովուրդը մերժում է ստրուկների համար գրված սահմանադրությունը», «Ժողովուրդը պահանջում է ավտոկրատիայի տապալում»:









































