Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որտեղ հայտնել է, որ Լիբիայում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է 84 մարդ: «Լիբիայի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն հարձակումները խաղաղ բնակչության, ցուցարարների վրա և պաշտպանեն նրանց կառավարամետ զինված խմբերի բռնություններից»,- ասված է հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ըստ կազմակերպության տվյալների` ամենաշատ զոհերն արձանագրվել են երկրի երկրորդ քաղաքում` Բենղազիում, որտեղ սկսվել են առաջին բախումները: 35 զոհ եղել է ուրբաթ օրվա բախումների հետևանքով, ավելի վաղ զոհվել էին 10 հոգի: Մի քանի հարյուր մարդ այս օրերի ընթացքում վիրավորվել է:
Գործակալությունը փոխանցում է, որ երկրում անջատված է ինտերնետը, որն արձանագրվել է երեկ ցերեկը: Ինտերնետը միակ միջոցն էր, որով հնարավոր էր տեղեկություններ ստանալ Լիբիայից: Հայտնի է նաև, որ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի որդիներն ակտիվ մասնակցում են ցույցերը ճնշելու գործողություններին:
«Առաջին լրատվականը» երեկ նաև տեղեկացրել էր, որ չբավարարվելով սեփական ուժերով` Քադաֆին աֆրիկյան այլ պետություններից վարձկաններ է բերել Լիբիա, որոնք աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ:









































