Օգոստոսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունել է Արգենտինայի հայոց թեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ դպրոցի և Վիսենտե Լոպես դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին, ինչպես նաև Բուենոս Այրես քաղաքի Արգենտինահայ Մշակութային Միության «Գայանե» պարախմբին` ուղեկցությամբ Բուենոս Այրես քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի:
Հանդիպման սկզբում Հոգեշնորհ Հայր Սուրբը նախ Նաթան Սրբազանին ներկայացրեց խմբերի անդամներին, ապա տեղեկացրեց, որ թեմակալ առաջնորդի օրհնությամբ երիտասարդներն ամեն տարի ուխտագնացության են գալիս Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ավելի մոտիկից ծանոթանալու Հայրենիքի հարուստ մշակույթին և սրբազան արժեքներին:
Այնուհետև երիտասարդ հայորդիների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ողջունել է Նաթան Սրբազանը: Իր խոսքում Սրբազան Հայրը ընդգծել է երիտասարդ ուխտավորների այցելության կարևորությունը` նշելով, որ Հայրենիքի բազմադարյա ժառանգության և սրբազան արժեքների հետ անմիջական հաղորդակցությունը նրանց համար պիտի դառնա ոգեշնչման ու վերանորոգության աղբյուր և կնպաստի նրանց մեջ հայրենասեր ու եկեղեցասեր անձերի կերտմանը:
Հանդիպմանը Սրբազան Հայրը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակին և Մայր Աթոռի կողմից իրականացվող քարոզչական ու հասարակական գործունեությանը:









































