Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը կարծում է, որ այս պահին կարևոր նշանակություն ունի Կորեաների միավորումը: Նա հայտարարել է, որ այդ հարցի լուծումը ոչ մի հետաձգման ենթակա չէ: Ինչպես հաղորդում է Vesti-ն, այս մասին ասվում է Կիմ Չեն Ունի տեսական նոր աշխատանքում, որը կոչվում է «Եկեք գործնականում իրականացնենք Կիմ Չեն Իրի հայրենասիրական գաղափարները և շարունակենք բարգավաճող պետության շինարարությունը»:
Կիմ Չեն Ունը կոչ է արել հյուսիսում, հարավում և արտասահմանում ապրող բոլոր կորեացիներին ակտիվ ներգրավվել ազգի միավորման արդար պայքարում:
Նա ավելացրել է, որ Հյուսիսային Կորեայի քաղաքացիները պետք է ուսումնասիրեն ռազմական գործը և հակառակորդի կողմից սադրանքների դեպքում իրենց հայրենասիրությունը ցուցաբերեն՝ հանուն երկրի պաշտպանությանն ուղղված սրբազան պատերազմի:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ էր արել Հյուսիսային Կորեայի ղեկավարին դառնալ «առաջնորդ-բարեփոխիչ, որը Հյուսիսային Կորեան կբերի 21-րդ դար»:









































